Չինաստանի քաղաքացիական գործերի նախարարության տվյալների համաձայն՝ 2021 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է շուրջ 296 հազար ամուսնալուծություն: 2020-ում այս թիվը հասել էր մեկ միլիոնի:
Օրենքը, որը զույգերից պահանջում է ամուսնալուծությունից առաջ 30 օր սպասել, ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Եթե 30-ից 60-րդ օրվա ընթացքում ամուսինները կրկին լիազոր մարմին չեն դիմում, ապա նրանց հայտը չեղյալ է համարվում։ «Լռության ժամանակաշրջանը» չի սահմանվում այն դեպքերում, երբ ամուսիններից մեկը ամուսնալուծություն է պահանջում ընտանեկան բռնությունից հետո:
Գործնականում դա չի աշխատում։ 2021-ի հունվարին Քան Քսիայոֆանգն ամուսնալուծության հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ ամուսինը սկսեց պարբերաբար ծեծել նրան: Նա պատմել է քույրերին, որ ամուսինը պատրաստ է սպանել իրեն, բայց զույգը, միևնույն է, պետք էր սպասեր «լռության ժամանակահատվածին»։ Հունվարի 8-ին Քան Քսիայոֆանգի ամուսինը սպանեց նրան։
Բացի այդ, սոցցանցերի շատ օգտատերեր նշել են, որ այդ օրենքի պատճառով երիտասարդները կխուսափեն ամուսնություններից։
Շանհայի հասարակական գիտությունների ակադեմիայի հետազոտող Չեն Յայան նշել է, որ անգամ «լռության ժամանակահատվածի» օրենքն արդեն ընդունվել է, պետք է հասկանալ, թե ինչպես պետք է նվազագույնի հասցնել դրա բացասական հետևանքները, ինչպիսիք են տնային բռնությունը։
2003 թվականից ի վեր Չինաստանում սրընթաց աճել է ամուսնալուծությունների թիվը, ինչը հանգեցրել է ժողովրդագրական ճգնաժամի։ Ի պատասխան՝ իշխանություններն առաջ են տանում ավանդական արժեքները և փորձում են խոչընդոտել ամուսնալուծություններին։ 2018 թվականին Չինաստանի Ցզյանսու նահանգը «ամուսնալուծության թեստ» է մտցրել։ Հարցաշարը ներառում է գործընկերոջ գիտելիքների հարցերը: Եթե զույգն ավելի քան 60 միավոր է հավաքել, նրանց փորձել են բացատրել, որ իրենց ամուսնությունը կարող է հուսալի լինել։