Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում նախընտրական շրջանում քաղաքական գործիչների կողմից ատելության և բռնության խոսքի կիրառման կապակցությամբ:
Freedom House-ն իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որին կցել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը, որում վերջինս դատապարտել էր քաղաքական գործիչների կողմից բռնության և ատելության խոսքի կիրառումը և կոչ էր արել զերծ մնալ նման հռետորաբանությունից:
Freedom House-ի հայտարարության մեջ նշվում է, որ նման գործողությունները նպաստում են հասարակության բևեռացմանն ու ատելության խոսքի տարածմանն այն պայմաններում, երբ երկիրը վերականգնվում է Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո և պատրաստվում է պատմական խորհրդարանական ընտրությունների:
«Մենք բոլոր կուսակցություններին կոչ ենք անում զերծ մնալ նման հռետորաբանությունից և պահպանել վարքի ժողովրդավարական նորմերը ընտրական շրջանի ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ: