Լոնդոնի ոստիկանության 19 աշխատակիցներ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղի օրը երկրպագուների գործողությունների հետևանքով տուժել են։ Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր Անգլիայի հավաքականի պարտությամբ:
Սքոթլենդ Յարդի հաղորդագրության մեջ ասվում է, որ ոստիկանները ձերբակալել են 49 իրավախախտի։
Ինչպես հաղորդել Է ТАСС-ը, կիրակի երեկոյան ոստիկանների վրա Թրաֆալգարյան հրապարակում՝ ֆան-գոտու մոտ, ապակե շշեր են նետել: Երկրպագուների գործողությունները փողոցներում, որոնցից շատերը գտնվում էին ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ, քննադատության են ենթարկվել Լոնդոնի ոստիկանական ֆեդերացիայի կողմից, որը ներկայացնում է մայրաքաղաքի իրավապահների շահերը:
Կիրակի՝ խաղից առաջ, մոտ 100 երկրպագուներ ներխուժել են «Ուեմբլի» մարզադաշտ: Այն բանից հետո, երբ խաղն ավարտվել է, երկրպագուները Թրաֆալգարյան հրապարակում շրջել են աղբամանները և ջարդել հեծանվային շարժակազմերը։
Հիշեցնենք, որ կիրակի օրը Իտալիայի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր Անգլիայի թիմին։
Վերջին անգամ Իտալիայի հավաքականը Եվրոպայի չեմպիոն է դարձել 1968 թվականին։