Արքայազն Հարրին «Penguin Random House» հրատարակչությունում կթողարկի արդեն սկանդալային դարձած իր հուշերի գիրքը, որի համար նա արդեն բազմամիլիոնանոց կանխավճար է ստացել: Ինչպես հաղորդում է «Page Six»-ը, նրան հուշագրությունների համար վճարել են առնվազն 20 մլն դոլար։
Պարբերականը նշում է, որ Եղիսաբեթ 2-րդ թագուհու թոռը մեկ տարի է, ինչ գաղտնի աշխատում է հիշողությունների գրքի վրա: Նրա համահեղինակն է դարձել լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ջոն Մերինգերը, որը ստացել է մեկ միլիոն դոլար կանխավճար։
«Հարրին դարձել է աշխարհի ամենանշանավոր առաջնորդներից մեկը խիզախության և անկեղծության շնորհիվ։ Հենց այդ պատճառով մենք ուրախ կլինենք հրապարակել նրա ազնիվ և ոգեշնչող պատմությունը»,- հայտարարել է Penguin Random House-ի գլխավոր տնօրեն Մարկուս Դոլեն։
Հաղորդվում է, որ արքայազնը գիրքը դեռ չի ավարտել։ Հուշագրությունների թողարկման ամսաթիվը նախապես պլանավորված է 2022 թվականի վերջին: Բացի թղթային տարբերակից, կթողարկվի նաև աուդիոգիրք։