ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը Mercer Street լցանավի վրա հարձակման իրավիճակի հետ կապված կողմերին կոչ է արել հրաժարվել էսկալացիայի տանող գործողություններից և հայտարարություններից, հաղորդում է ТАСС-ը:
«Մեզ համար կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը խուսափեն էսկալացիայի տանող որևէ քայլից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են սրել լարված իրավիճակը»,- գործակալությունը մեջբերում է Դյուժարիկի խոսքը:
Նշվում է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իսրայելը և Ռումինիան Իրանին մեղադրում են Լիբերիայի դրոշի ներքո գտնվող Mercer Street լցանավի վրա հարձակվելու մեջ: Թեհրանի վարկածով՝ այդ մեղադրանքները քաղաքականապես մոտիվացված են և մերկապարանոց։
Հուլիսի լույս 30-ի գիշերը Օմանի ափից 280 կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են նավի անձնակազմի երկու անդամներ՝ Ռումինիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:
Գործակալությունը նշում է, որ Mercer Street-ի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումը տեղի կունենա օգոստոսի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ փակ ձևաչափով: