Ֆրանսիայի 150-ից ավելի քաղաքներ շաբաթ օրը կդառնան COVID-19-ի կապակցությամբ իշխանությունների կողմից ձեռնարկված նոր սահմանափակող միջոցների դեմ համազգային բողոքի կենտրոններ։
Ինչպես հայտնում է ТАСС-ը, բնակչության դժգոհությունն առաջ է բերել անցած շաբաթ խորհրդարանի կողմից ընդունված և օգոստոսի 5-ին փոքր փոփոխություններով Սահմանադրական խորհրդի կողմից հավանության արժանացած օրինագիծը, որը նախատեսում է բժշկական անձնակազմի պարտադիր պատվաստում և սանիտարական անցումների օգտագործման ընդլայնում: Առանց նման վկայականների, այժմ անհնար կլինի այցելել սրճարաններ, ռեստորաններ, խոշոր սուպերմարկետներ, համերգներ և ներկայացումներ: Հենց նոր սահմանափակող միջոցներն են բողոքի գլխավոր թեման։
Նշվում է, որ սա արդեն ամռան ընթացքում սանիտարական միջոցառումների խստացման դեմ զանգվածային բողոքների չորրորդ դեպքն է: Մասնավորապես, հուլիսի 31-ին երկրի ցույցերին մասնակցել է 204 հազար մարդ։ ՆԳՆ հետախուզական ծառայության գնահատականներով՝ բողոքի օրը կհավաքվի առնվազն 150-200 հազար մասնակից։