Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգված է Աֆղանստանում տիրող իրավիճակով և հանուն բնակչության խնդրի խաղաղ կարգավորման կոչ է արել: Ինչպես տեղեկացնում է TACC-ը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը այս մասին հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալների առջև ավանդական կիրակնօրյա քարոզից հետո։
«Իմ խորին մտահոգությունն եմ հայտնում Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Խնդրում եմ ձեզ ինձ հետ աղոթել խաղաղության և բանակցությունների սեղանի շուրջ, առանց զենքի որոշումներ կայացնելու համար: Միայն այսպես տանջված այս երկրի բնակչությունը կկարողանա վերադառնալ նորմալ և անվտանգ կյանքին», – ասել է Ֆրանցիսկոսը:
Նա նաև ցավակցություն է հայտնել Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հաստատել իր հոգևոր աջակցությունը տուժած բնակչությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թալիբները հայտնել էին Աֆղանստանի Ասադաբադ, Գարդեզև Շարան քաղաքների գրավման մասին: Օգոստոսի սկզբին թալիբները գրավեցին Գիլմենդի նահանգի Լաշքարգախ քաղաքը, իսկ ամսվա կեսերին հայտարարեցին Ղազնի, Գերատ, Քանդարգար, Կունդուզ, Պակտիա նահանգների ու ևս 15 գլխավոր քաղաքներում վարչական կենտրոնների գրավման մասին: Այսօր թալիբները հասել էին մայրաքաղաք Քաբուլի արվարձաններ: Օրվա ընթացքում մի շարք երկրներ իրենց դեսպանատների անձնակազմերին Աֆղանստանից տարհանելու գործողություններ իրականացրեցին: