Ռուսաստանն ու Թուրքիան կարող են բանակցություններ սկսել ռազմական ինքնաթիռների համատեղ արտադրության շուրջ։ Այս մասին հայտարարել է ռուսական պետական «Ростех»- ի ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը։
«Մենք միշտ բաց ենք երկխոսության մեր գործընկերների հետ։ Եթե Թուրքիան հետաքրքրություն ցուցաբերի, մենք պատրաստ ենք համագործակցել նաև այդ ուղղությամբ։ Մենք գիտենք, որ Թուրքիան մտադիր է իրականացնել հինգերորդ սերնդի TF-X սեփական կործանիչի արտադրության նախագիծը: Ունենալով ավիացիոն համակարգեր և դրանց մշակման ու արտադրության փորձ՝ մենք կարող ենք դիտարկել նոր թուրքական կործանիչի ստեղծման հարցում աջակցության հնարավորությունը», — հայտարարել է նա:
Չեմեզովը նաև ասել է, որ Թուրքիան և Ռուսաստանը նույնպես կարող են բանակցություններ սկսել ռազմական ուղղաթիռների համատեղ արտադրության շուրջ: Նրա խոսքով՝ ուղղաթիռների արտադրությունը շարունակում է մնալ երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային ուղղություններից մեկը:
Ռուսաստանը պատրաստ է թուրքական կողմին տարբեր տեսակի ուղղաթիռներ առաջարկել, ասել է նա։
Հինգերորդ սերնդի TF-X կործանիչի նախագիծը մշակվում է թուրքական TAI ընկերության կողմից։ Ծրագրի արժեքը գնահատվում է 10 մլրդ դոլար։ Նախագծի շրջանակներում Թուրքիան քննարկում է հինգերորդ սերնդի KFX կործանիչի ստեղծման Հարավկորեական ծրագրին միանալու հարցը ։