«Թալիբան» արմատական շարժումը շահագրգռված է Թուրքմենստան – Աֆղանստան – Պակիստան-Հնդկաստան անդրազգային գազատարի կառուցման 7 երկրում այլ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման մեջ: Այս մասին երեքշաբթի Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է շարժման Քաթարի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհաիլ Շահինը։
«Մենք երկրում այլ խոշոր նախագծեր էլ ունենք։ Դրանք են TAPI գազատարը, երկաթուղիների կառուցման նախագծերը և այլն։ Մեր [քաղաքական] թևը հույս ունի, որ դրանք կյանքի կոչելու աշխատանքները կսկսվեն», – ասել է նա։
Նրա խոսքով ՝ «Թալիբան» շարժումը շահագրգռված է երկրում բիզնեսի զարգացման, նրա բնական հարստությունների յուրացման և աշխատատեղերի ստեղծման ու տնտեսական զարգացման համար ներդրողների ներգրավման հարցում: Նա ընդգծել է, որ Աֆղանստանն իրենից ներկայացնում է ռազմավարական նշանակություն ունեցող «կամուրջ Կենտրոնական և Հարավային Ասիայի միջև», և թալիբները կցանկանային օգտագործել այդ ներուժը:
Աֆղանստանից արևմտյան զորակազմի հիմնական մասի դուրսբերումից հետո «Թալիբան» շարժումը լայնածավալ գործողություն է սկսել երկրի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ: «Թալիբանի» գրոհայինները օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել է, որ վայր է դրել լիազորությունները արյունահեղություն թույլ չտալու համար և լքել երկիրը: Արեւմտյան երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին և դեսպանատների աշխատակիցներին։