Կրեմլում ավարտվել են Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունները, որոնք տևել են գրեթե երեք ժամ: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
«Գերմանիայի կանցլեր հետ մեր այսօրվա բանակցություններն անցել են կառուցողական, գործնական մթնոլորտում։ Մենք մանրամասնորեն, այդ թվում՝ պատվիրակությունների մասնակցությամբ, քննարկել ենք ռուս-գերմանական հարաբերություններում առկա վիճակը և զարգացման հեռանկարները, կարծիքներ ենք փոխանակել հարցերի լայն շրջանակի շուրջ,-ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է Պուտինը:
Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, հանդիպման հիմնական թեմաներից մեկը դարձել է Աֆղանստանում առկա իրավիճակը: Նրա խոսքով՝ այժմ առանցքային խնդիր է թույլ չտալ փախստականների անվան տակ ահաբեկիչների ներթափանցումը հարևան երկրներ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-22-ը Մերկելը պաշտոնական այցով Մոսկվայում կլինի։
Հիշեցնենք նաև, որ Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին, երբ «Թալիբան» արմատական շարժումը հարձակվել է երկրի խոշոր քաղաքների վրա։ Կիրակի ԶԼՄ-ները հայտնել են, որ ապստամբները վերահսկում են բոլոր սահմանային անցումները։ Ավելի ուշ նույն օրը գրոհայինները հայտարարել էին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ լքել է երկիրը, որպեսզի կանխի կոտորածը: Երկուշաբթի գիշերը «Թալիբան» քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է: