Մեծ Բրիտանիայի նախկին զինվորական Պոլ «Փեն» Ֆարթինգը Քաբուլում կենդանիների ապաստարան է հիմնել 2007 թվականին այն բանից հետո, երբ ռազմաճակատում փրկել է մի շան: Այդ ժամանակից ի վեր Փենն օգնել է զինվորներին վերամիավորվել փրկված կենդանիների հետ, նրա ապրելու վայրը դարձել Է Աֆղանստանում կենդանիների փրկության առաջին պաշտոնական կենտրոնը:
Երբ երկիրը գրավել է «Թալիբանը», Փենը որոշել է իր հետ տարհանել 60 կատուներին և 140 շներին: Փենը և նրա 68 գործընկերները կարող են տարհանվել ռազմական ինքնաթիռով, սակայն Ֆարթինգը չի պատրաստվում դուրս գալ Աֆղանստանից առանց իր կենդանիների, ուստի կենդանիների տեղափոխման միջազգային օրենքների համաձայն՝ նրան չարթերային թռիչք է հարկավոր:
Ֆարթինգը ցանկացել է, որ իրեն կենդանիների հետ առանց հերթի բաց թողնեն օդանավակայան։ Սակայն բրիտանական ծառայությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում Ֆարթինգին և նրա կենդանիներին մյուսներից առաջ տանել։ Նրանք նաև հայտնել են, որ Ֆարթինգը խանգարում է այլ քաղաքացիների տարհանմանը։
«Ես պատրաստ չեմ նախապատվությունը տալ ընտանի կենդանիներին, այլ ոչ թե մարդկանց, վախենում եմ, որ դուք կարող եք ինձ չսիրել դրա համար, բայց դա իմ կարծիքն է, կան նաև շատ հուսահատ մարդիկ, որոնց իրական վտանգ է սպառնում»,- մեկնաբանել է բրիտանացի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:
Նրա կարծիքով ՝ Քաբուլից տարհանումը մեր ժամանակների ամենավտանգավոր և ամենաբարդներից մեկն է։
Օդանավակայանում տեղի ունեցած պայթյուններից հետո ամերիկացիները փոխել են մուտքի կանոնները, և Ֆարթինգին ու նրա թիմին խնդրել են լքել օդանավակայանի տարածքը։ Այնպես որ, նրանք կորցրել են իրենց տեղը հերթում։ Սրա համար Ֆարթինգը մեղադրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Good Morning Britain-ի փոխանցմամբ՝ Ֆարթինգի և նրա անձնակազմի համար Տաշքենդի միջոցով հատուկ թռիչք է կազմակերպվել: Այժմ Ֆարթինգն իր կենդանիների հետ սպասում է իրավիճակի փոփոխմանը։