Աֆղանական «Հիզբ-է իսլամի» կուսակցությունը կաջակցի թալիբների կառավարությանը, նույնիսկ եթե նրա ներկայացուցիչները չընդգրկվեն դրա կազմում, Անատոլիական նորությունների գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է կուսակցության առաջնորդ, Աֆղանստանի նախկին վարչապետ Գուլբեդդին Հեքմաթիարը:
«Մենք առանձնապես չենք ձգտում մտնել նոր կառավարություն, բայց մենք, անկասկած, կաջակցենք «Թալիբանին», երբ նրանք կառավարություն կազմեն։ Մենք թալիբների հետ եղբայրներ ենք, մեր միջև համաձայնություն կա»,- ասել է նա։
«Մենք կառավարության ձևավորման այլ պայմաններ չունենք, բացի մեկից, դրանում պետք է ընդգրկվեն իրավասու մարդիկ»,- հավելել է Հեքմաթիարը:
Նրա խոսքով՝ եթե աշխարհում չճանաչեն Աֆղանստանի նոր վարչակազմին և փորձեն իշխանության բերել իրենց (օտարերկրյա ուժերին) մոտ գտնվող վարչակազմին, ապա դա կարող է հանգեցնել պատերազմի:
«Այժմ մենք ցանկանում ենք, որ աֆղանցիների կամքը հարգվի»,- նշել է Հեքմաթիարը՝ կարծիք հայտնելով, որ շատ երկրներ կճանաչեն կառավարությունը, եթե այն ձևավորվի աֆղանցիների ձգտումներին համապատասխան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թալիբները մտադիր են Աֆղանստանի նոր կառավարության կազմի մասին հայտարարել մինչև այս շաբաթվա վերջ: