«Թալիբան» շարժումը հայտարարել է Աֆղանստանի ամբողջ տարածքի, այդ թվում՝ Փանջշերի հյուսիսային նահանգի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու մասին: Այս մասին հայտնում Է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Reuters-ին։ Գործակալության տեղեկություններով՝ ավելի վաղ թուրքական Yeni Şafak թերթը հայտնել էր, որ Փանջշերի նահանգի նկատմամբ վերահսկողությունը սեպտեմբերի 3-ին անցել է թալիբների կողմը:
Սակայն Փանջշերում ազգային դիմադրության ուժերը հերքել են թալիբների տեղեկատվությունն այն մասին, որ իրենց հաջողվել է ամբողջությամբ գրավել նշված տարածաշրջանը:
«Սրանք ասեկոսեներ են, որոնք տարածում են թալիբները բնակչությանը ահաբեկելու համար։ Նրանք փորձում են մի քանի ուղղություններից Փանջշեր ներխուժել, բայց ստիպված են նահանջել»,- հայտնել է աշխարհազորայիններին մոտ գտնվող ТАСС-ի աղբյուրը։
Իր հերթին Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլա Սալեհը հայտարարել է Փանջշերում զինյալների և աշխարհազորայինների միջև բախումների շարունակման մասին: Սալեհը նաև հերքել է տեղեկությունն այն մասին, որ ինքը լքել է Փանջշերը և ուղևորվել Տաջիկստան:
Բացի այդ, նա Պակիստանին մեղադրել է այն գրոհայիններին աջակցելու մեջ, որոնք գրոհում են Փանջշերը:
Հիշեցնենք, որ «Թալիբան» շարժման գրոհայիններն առանց մարտի Քաբուլ են մտել օգոստոսի 15-ին, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը: Թալիբների իշխանության հետ չհամաձայնող ուժերը Փանջշերի նահանգում դիմադրություն են կազմակերպել, որը գլխավորել է հայտնի դաշտային հրամանատար Ահմադ Շահ Մասուդի (1953-2001) որդին՝ Ահմադ Մասուդը: