Միացյալ Նահանգները մտադիր է մասնակցել Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության լուծմանը։ Այս մասին սեպտեմբերի 3-ին հայտարարել Է Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, փոխանցում է iz.ru-ն։
«Կարող եմ հաստատել, որ ԱՄՆ-ն իր առանցքային դերը տեսնում է Դոնբասի հակամարտության կարգավորման և Ղրիմի վերադարձի գործում։ Մենք հուսով ենք, որ արդեն առաջիկա ամիսներին տեղի կունենան մի շարք այցելություններ, բանավեճ կլինի արտաքին գործերի նախարարների, անվտանգության հարցերով խորհրդականների մակարդակով»,- հայտարարել է Ստեֆանիշինան ուկրաինական «Свобода Савика Шустера» թոք-շոուի եթերում:
Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետը հավելել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է մասնակցել Ուկրաինայի հարավ-արևելքի իրադրության շուրջ բանակցություններին՝ ոչ միայն նորմանդական ձևաչափով:
«ԱՄՆ- ն արդեն նյութականացնում է հակամարտության կարգավորման գործում նրանց դերի իր տեսլականը, սակայն այսօրվանից քննարկումներ կլինեն ոչ միայն նորմանդական ձևաչափով, այլև ավելի լայն ձևաչափով, ներառյալ Միացյալ Նահանգները»,- եզրափակել է Ստեֆանիշինան:
Սեպտեմբերի 2-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը պատմել է այն մասին, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնել Կիևին ավարտել պատերազմը Դոնբասում և ապահովել անվտանգության համակարգը: Ավելի վաղ նույն օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ուկրաինայի իշխանություններին ռազմական օգնություն ցուցաբերելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը կարող է բացասաբար ազդել Դոնբասի հակամարտության վրա:
Ապրիլի 28-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թիմը «գալարվում է՝ ինչպես կարող է» Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարումից խուսափելու փորձերի մեջ: