«Yahoo News Japan» ցանցային պորտալի ընթերցողները ակտիվորեն կոչ են անում Ճապոնիայի կառավարությանը փոխել քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ՝ Կուրիլյան կղզիները վերադարձնելու համար: Նրանց կարծիքով՝ ճապոնական դիվանագիտությունն այլևս չի արդարացնում սպասելիքները: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։
Մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ով դեմ է արտահայտվել Հարավային Կուրիլներում համատեղ տնտեսական գործունեություն սկսելու Տոկիոյի նախաձեռնությանը՝ ճապոնացի ընթերցողները նկատել են՝ այդ նախաձեռնությունը ենթադրում է Ռուսաստանի իրավական համակարգից տարբերվող աշխատանք, որն արգելված է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ:
Ընթերցողները նշել են՝ Ռուսաստանը երբեք չի հրաժարվի Կուրիլյան կղզիներից, ուստի Ճապոնիայի՝ նրան «հաճոյանալու» փորձերն անիմաստ են: Որոշ օգտատերեր մեղադրել են Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին Մոսկվայի բարյացակամությունը շահելու համար և Ճապոնիայի կառավարությանը կոչ են արել «անողոք գործել» ու պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ:
Ըստ նրանց՝ Ճապոնիան կկարողանա վերադարձնել «հյուսիսային տարածքները» (ինչպես Ճապոնիայում կոչվում են Կուրիլյան կղզիները) միայն այն դեպքում, եթե պատերազմ սկսի ռուսական պետության դեմ, հակառակ դեպքում ստիպված կլինի «դիմանալ նվաստացմանը»:
Ավելի վաղ ՌԴ նախագահը, ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումում, կրկին անդրադարձել էր Ճապոնիայի հետ հարաբերությունների թեմային: Նրա կարծիքով՝ պատերազմից 76 տարի անց խաղաղության պայմանագրի բացակայությունը անհեթեթություն է. Տոկիոն պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար: