Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր նախընտրական հանրահավաքի ժամանակ ստիպված է եղել լսել հակակորոնավիրուսային միջոցառումներից դժգոհ մարդկանց վիրավորանքները: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ CBC հեռուստաալիքին հղումով:
Օնտարիոյի Նյու Մարկետ քաղաքում, որտեղ Թրյուդոն այցելել էր նախընտրական քարոզարշավի շրջանակներում, մոտ 100 մարդ էր եկել նրա հետ հանդիպմանը՝ դժգոհ երկրում առկա հակակորոնավիրուսային սահմանափակումներից:
Օգտագործելով հայհոյախառն բառապաշար՝ կանադացիները քննադատել են Թրյուդոյի գլխավորած կառավարությանը տնտեսական գործունեությունը սահմանափակելու, բնակչության որոշ խմբերի համար SARS-CoV-2 պարտադիր պատվաստումներ մտցնելու և, այսպես կոչված, քովիդ անձնագրեր ներմուծելու մի շարք շրջանների նախաձեռնություններին աջակցելու համար:
Ավելի վաղ Թրյուդոն և Կանադայի պատվիրակությունը, որոնք մասնակցում էին Եվրոպայում անցկացվող G7- ի և ՆԱՏՕ-ի գագաթաժողովներին, վերադառնալով Կանադա, նախքան կորոնավիրուսի թեստի արդյունքները ստանալը, մի քանի օր կարանտինում էին անցկացրել երեքաստղանի հյուրանոցում։
Կանադայում գործող կանոնակարգերը բոլոր ժամանողներից պահանջում են կորոնավիրուսի բացասական թեստի ներկայացում և ինքնամեկուսացում։