Երկուշաբթի օրը Աֆղանստանի Փանջշիր նահանգում գտնվող Ազգային դիմադրության ճակատը հերքել է թալիբների պնդումը, թե տարածաշրջանը վերահսկողության տակ է վերցվել:
««Թալիբանի» պնդումը, թե գրավել են Փանջշիրը, սուտ է: Մենք վստահեցնում ենք Աֆղանստանի ժողովրդին, որ թալիբների և նրանց հանցակիցների հետ պայքարը կշարունակվի մինչև արդարության և ազատության վերականգնումը»,- գրել է ԱԴՃ-ն Twitter-ում:
Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հայտարարել էր, որ շարժումն ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցրել Փանջշիր նահանգը երկրի վերջին անհնազանդ գրոհայիններից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրաժարական է տվել և լքել երկիրը, իսկ «Թալիբանի» զինյալները լայնածավալ գործողություն սկսեցին Աֆղանստանի վրա վերահսկողություն հաստատելու համար այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը գարնանը հայտարարեց իր զինված ուժերը երկրից դուրս բերելու մտադրության մասին:
Նախկին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը, ով իրեն հայտարարել էր պետության ղեկավարի պաշտոնակատար, աջակցել է դիմադրությանը: