Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կրտսեր փեսային՝ Սելջուկ Բայրաքթարին, պատրաստում է «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և Թուրքիայի նախագահի պաշտոնների համար։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ընդ որում, շեշտվում է այն հանգամանքը, որ Էրդողանը սկզբում հույսը կապել էր ավագ փեսայի՝ ֆինանսների նախկին նախարար Բերաաթ Ալբայրաքի հետ, բայց նրանից ունեցած սպասելիքները չեն արդարացել ու բերել հիասթափության։
Թուրք վերլուծաբան Ահմեթ Նեսինը իր «Արդյոք ԱԶԿ-ի ղեկին հայտնվելու է Սելջուկ Բայրաքթա՞րը» հոդվածում գրում է. «Նկատե՞լ եք, Բերաթ Ալբայրաքի հրաժարականից հետո վերջին ամիսներին բոլոր ալիքներով անընդհատ խոսում են փոքր փեսա Սելջուկ Բայրաքթարից։ Նրա մասին տարածվում են այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են «Անօդաչու թռչող սարքեր է պատրաստում», «Դրանք վաճառում ենք ամբողջ աշխարհին», «Թուրքիան զարգանում է, նոր հերոսներ են ի հայտ գալիս»։
Մասնագիտությամբ ինժեներ Սելջուկ Բայրաքթարն ԱԹՍ-ներ արտադրող թուրքական «Baykar Makina» տեխնոլոգիական ընկերության տեխնիկական տնօրենն է և հոգաբարձուների խորհրդի նախագահը։
Ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան պարգևատրել էր «Ղարաբաղյան նշան» շքանշանով՝ «Bayraktar» հարվածային ԱԹՍ-ներ արտադրելու և արցախյան 2-րդ պատերազմում որոշիչ դեր ունենալու համար։