Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Գանին Քաբուլից հեռանալու որոշումն անվանել է «ամենադժվարն իր կյանքում»:
«Քաբուլից հեռանալը ամենադժվար որոշումն էր իմ կյանքում, բայց ես վստահ էի, որ դա զենքի կիրառումը թույլ չտալու, Քաբուլին և նրա վեց միլիոն բնակիչներին փրկելու միակ միջոցն էր»,- հայտարարել է Գանին Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ:
Նա կրկին ընդգծել է, որ օգոստոսի 15-ին նախագահական պալատից հեռացել է թիկնազորի նախազգուշացումից հետո, որի աշխատակիցները խորհուրդ են տվել խուսափել «փողոցային սարսափելի մարտերից, որոնք քաղաքը վերապրել է 90-ական թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ»:
Թալիբները մեկ ամիս առաջ ակտիվացրել են հարձակումը կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ և հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի լույս 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ է անցել Փանջշերը, որը վերջինն է աֆղանական 34 նահանգներից: Հաջորդ օրը հայտարարվել էր Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը։ Այն կգլխավորի Մոհամադ Հասան Ախունդը, որը «Թալիբանի» առաջին կառավարման ժամանակ զբաղեցրել Է ԱԳ նախարարի պաշտոնը և գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ: