Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբ նահանգում, անհայտ անձանց հարձակման հետևանքով երկու թուրք զինծառայող է զոհվել, երեքը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնում է ТАСС-ը ՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
«Իդլիբի» ապաէսկալացիայի գոտում մեր ստորաբաժանումների վրա հարձակման հետևանքով զոհվել են երկու զինծառայողներ։ Վիրավորվել է ևս երեք զինվորական, նրանք տեղափոխվել են հոսպիտալ»,- նշվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Yeni Safak թերթը պնդում է, որ հարձակման հետևում կանգնած են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» կազմակերպության անդամները։
Սիրիայի հյուսիս-արևմուտքում 2017 թվականին ստեղծվել է ապաէսկալացիայի գոտի, որտեղից դուրս են բերվել այն զինյալները, որոնք Դամասկոսի և երկրի հարավային շրջաններում կառավարական բանակի կողմից իրականացված գործողություններից հետո հրաժարվել են վայր դնել զենքը: 2020 թվականի մարտի 6-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Սիրիայում գործում է հրադադարի ռեժիմ։