ВТБ խմբին պատկանող БМ-բանկին չի հաջողվել իր օգտին լուծել Ֆրանսիայի Լազուրե ափին գտնվող շքեղ եռահարկ վիլլայի վերաբերյալ վեճը: Վիլլան պատկանել է Մոսկվայի Չերկիզովյան շուկայի նախկին սեփականատեր, ադրբեջանցի Թելման Իսմայիլովին և նրա որդուն՝ Սարհանին: Նրանք բանկին խոշոր գումար են պարտք: Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը:
Նշվում է, որ թեպետ օբյեկտը վաճառվել է, բանկն այն չի ստանա:
Ֆրանսիական դատարանի որոշմամբ՝ բանկը կստանա 8 մլն եվրո՝ այնքան, որքան գնահատվել է վիլլան: Իսմայիլով ավագի տասնյակ այլ օբյեկտներ արդեն աճուրդի են հանվել, իսկ նա գտնվում է հետախուզման մեջ:
БМ բանկի իրավաբանները պարզել են, որ Ֆրանսիայում գտնվում է անշարժ գույք, որի շահառուներն են վարկային հաստատության պարտապաններ Թելման և Սարհան Իսմայիլովները: Խոսքը մարզադահլիճով, բարով և բիլիարդային սենյակներով եռահարկ վիլլայի, ինչպես նաև գինու մառանի մասին է, որը գտնվում է Լազուրե ափին գտնվող Վալլորիս քաղաքում:
Աղբյուրն ընդգծել է, որ Թելման Իսմայիլովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել սպանությունների և այլ հանցագործությունների կազմակերպման համար: Պարտատերերը նրան պատկանող այլ օբյեկտների մասով ևս դատական հայցեր են ներկայացրել: Օրինակ՝ Իտալիայի Մանթովա քաղաքի դատարանը շուտով հայտնելու է Իսմայիլովին պատկանող Castel-Goffredo վիլլայի աճուրդի օրը: Հետաքրքիր է, որ Իսմայիլովն այն ձեռք է բերել 2002 թվականին, բայց երբեք այնտեղ չի ապրել և վարձակալության չի հանձնել:
Թելման Իսմայիլովի ներկայացուցիչները զերծ են մնում մեկնաբանություններից: Վերոնշյալ բանկում ընդգծել են, որ հետագայում ևս կշարունակեն իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որոնք ուղղված են Թելման Իսմայիլովից և նրա հետ փոխկապակցված անձանցից գործող օրենսդրության շրջանակներում պարտքի բռնագանձման գործընթացին: