Եվրախորհրդարանն այսօր Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում հաստատել է մի զեկույց, որով կոչ է արել Եվրամիության ղեկավարությանը վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Ինչպես հաղորդում Է TACC-ը, փաստաթուղթին, որի ընդունման օգտին քվեարկել է 494 պատգամավոր, դեմ է քվեարկել 103, ձեռնպահ 72 պատգամավոր։ Զեկույցում ԵՄ-ի իշխանությունների համար հանձնարարական կա, համաձայն որի՝ ԵՄ անդամ պետությունների հետ համատեղ պետք է մշակել ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի համապարփակ ռազմավարություն՝ զեկույցում ներկայացված սկզբունքների հիման վրա:
Փաստաթղթի համաձայն՝ ԵՄ-ն պետք է հակազդի անվտանգության սպառնալիքին, պայքարի ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների գործերին Ռուսաստանի միջամտության դեմ, աջակցի ժողովրդավարական հասարակությանը։
Նշվում է նաև, որ եթե Պետդումայի առաջիկա ընտրությունների ժամանակ ժողովրդավարական ընթացակարգերի և միջազգային իրավունքի խախտումներ արձանագրվեն, ԵՄ երկրները պետք է պատրաստ լինեն չընդունել ընտրությունների արդյունքները։
Եվրամիության զեկույցում խորհուրդ է տրվում նաև ամրապնդել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ այլ գործընկերների հետ ժողովրդավարության պաշտպանության գլոբալ դաշինք ստեղծելու նպատակով: Փաստաթղթի հեղինակի կարծիքով՝ ԵՄ-ի օրակարգը պետք է դիմակայի եվրոպական կարգն ապակայունացնելու Ռուսաստանի և Չինաստանի փորձերին: Եվրախորհրդարանի որոշումները խորհրդատվական բնույթ են կրում և պարտադիր չեն ԵՄ երկրների համար։