Թուրքիան պատրաստվում է 2023թ. տիեզերք ուղարկել սեփական արտադրության առաջին հաղորդակցության արբանյակ Türksat 6A-ն: Այս մասին հայտնել է Թուրքիայի կապի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Թուրքական արբանյակը տիեզերք կարձակի Իլոն Մասկի SpaceX ընկերությունը Falcon-9 հրթիռակրով: Ըստ Քարաիսմայիլօղլուի՝ ամերիկյան ընկերության առաջարկը լավագույնն է եղել, թե՛ տեխնիկական, թե՛ ֆինանսական տեսանկյունից: Թուրքական արբանյակի տիեզերք արձակման մասին պայմանագիր ստորագրվել է արբանյակն արտադրողներից Türksat AŞ և SpaceX ընկերությունների միջև:
Նախարարը հայտնել է, որ արբանյակի արտադրական և փորձարկման աշխատանքները կավարտվեն 2022-ին, իսկ ուղեծիր դուրսբերումը նախատեսվում է 2023 թվականի առաջին եռամսյակում:
Քարաիսմայիլօղլուն վստահեցրել է, որ արբանյակը ենթարկվելու է այդ ոլորտի արդյունաբերության մեջ ընդունված ստանդարտներին համապատասխանող փորձարկումների: Նախագծի հաջողությամբ ավարտի դեպքում Թուրքիան տեղ կգրավի հաղորդակցության արբանյակներ արտադրող 10 երկրների շարքում: