Պետդումայի ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները տեխնիկական բնույթ են կրում, ընտրությունները կազմակերպված են բարձր մակարդակով, հայտարարել Է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդ, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Այս մի քանի օրերի ընթացքում մենք ակտիվորեն մասնակցել ենք ընտրական հանձնաժողովների աշխատանքների մոնիթորինգին, այցելել ընտրատեղամասեր։ Հիմնական խախտումները, եթե կարելի է այդպես արտահայտվել, ձևական են, դրանք կրում են տեխնիկական բնույթ։ Հարկ է նշել, որ այդ բոլոր տեխնիկական խախտումներն արագ կարգավորվում են»,- ասել է Վարդանյանը, փոխանցում է «РИА Новости»-ն։
Նա ընդգծել է, որ «ընտրությունները թափանցիկ են, այսինքն՝ թույլ են տալիս վեր հանել թերությունները, որոնք տեղի են ունենում այդ գործընթացում»: Վարդանյանն ընդգծել է նաև «ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակը»:
Ռուսաստանում Պետդումայի և այլ ընտրությունների քվեարկությունը տեղի է ունենում այս տարի՝ սեպտեմբերի 17-19-ը։ Պետդուման ընտրվում է հինգ տարով՝ խառը ընտրական համակարգով. 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, ևս 225-ը՝ միամանդատ ընտրատարածքներով՝ մեկ փուլով: ՌԴ ԿԸՀ-ն գրանցել է 14 կուսակցություն: