Թուրքիան պետք է դադարեցնի Սիրիայի օկուպացիան, ասել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Ֆեյսալ Միքդադը՝ մեկնաբանելով հանրապետություն թուրքական լրացուցիչ ուժեր ուղարկելու տվյալները:
«Նրանք (թուրքերը-խմբ․) պետք է դադարեցնեն իրենց օկուպացիան: Նրանց գործողությունները պետք է համապատասխանեն Աստանայի ձևաչափով բանաձևերին ու որոշումներին [Սիրիայի կարգավորման գործընթացի շրջանակներում]: Բայց մենք տեսնում ենք, որ նրանք հակառակն են անում»,- նախարարի խոսքերը մեջբերում է ТАСС-ը:
Միքդադն ասել է, որ եթե թուրքական բանակի ստորաբաժանումները չլքեն Սիրիայի տարածքը, ապա միջազգային հանրությունը ստիպված կլինի միջամտել, քանի որ, ըստ ՄԱԿ -ի կանոնադրության, ցանկացած անօրինական օկուպացիայի պետք է վերջ դրվի։
Բացի այդ, արտգործնախարարն ասել է, որ թուրքական իշխանությունները համագործակցում են ահաբեկչական խմբերի հետ և իրենց գործողություններով փորձում են վատթարացնել իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևմուտքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիան լրացուցիչ զորքեր է ուղարկել Սիրիայի հյուսիս-արևմուտք: