Շվեդիայի իշխանությունները չորեքշաբթի օրվանից հանում են կորոնավիրուսային համավարակի հետ կապված ավելի վաղ ներդրված գրեթե բոլոր սահմանափակումները։
«Զարգացումն ակնհայտորեն ընթանում է ճիշտ ուղղությամբ, ուստի այժմ լավ հնարավորություն կա թուլացնելու սահմանափակումները», – ТАСС-ը մեջբերում է Շվեդիայի պետական համաճարակաբան Անդերս Տեգնելի խոսքերը:
Հասարակական միջոցառումների մասնակիցների թվի սահմանափակումները, ինչպես ներսում, այնպես էլ դրսում ամբողջությամբ չեղյալ են հայտարարվում. չպատվաստվածներին դեռ խորհուրդ է տրվում պահպանել սոցիալական հեռավորություն և խուսափել մեծ կուտակումներից։
Հանվում են սահմանափակումները նաև ռեստորաններում, օրինակ՝ սեղանների միջև հեռավորության և դրանցում գտնվող մարդկանց առավելագույն թվի պահանջների հետ կապված:
Սեպտեմբերի 29-ից առողջապահության վարչության հեռահաղորդակցության առաջարկությունը կվերացվի, ինչը նշանակում է, որ շատ աշխատակիցներ կարող են աստիճանաբար վերադառնալ իրենց աշխատանքին: Միևնույն ժամանակ, երբ ի հայտ են գալիս COVID-19-ի ախտանշանները, երկրի բնակիչներին խնդրվում է մնալ տանը և թեստավորում կատարել:
Շվեդիայում 16 և բարձր տարիքի բնակչության 83,6%-ը ներկայումս ստացել է COVID-19 պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ: Նրանցից 6,536,355 մարդ կամ 76,5%-ը լիովին պատվաստված է: