Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար Թամիր Հայմանը հայտարարել է, որ Իրանը չի կարող մոտ ժամանակներս միջուկային զենք ստեղծել, հաղորդում է «РИА Новости»-ն։
«Կա հարստացված ուրան այնպիսի ծավալներով, որոնք մենք նախկինում չենք տեսել, և դա մտահոգիչ է։ Միևնույն ժամանակ, Իրանի միջուկային ծրագրի մյուս բոլոր ասպեկտների հարցում մենք առաջընթաց չենք տեսնում՝ ոչ զենքի նախագծում, ոչ ֆինանսական ոլորտում, ոչ էլ որևէ այլ ոլորտում։ Այսպիսով, վերջին երկու տարում քիչ բան է փոխվել», – ասել է Հայմանը Walla պորտալին տված հարցազրույցում։
Ռազմական հետախուզության ղեկավարը համարել է, որ ներկայումս առավել ճիշտ կլիներ աջակցել իրանական միջուկային խնդրի լուծման դիվանագիտական ուղիին, թեև անհրաժեշտ է տնտեսական և դիվանագիտական լծակների հետ մեկտեղ ունենալ լուծման գործնական և հուսալի ռազմական տարբերակ:
«Եկեք պարզապես համաձայնենք այն փաստի հետ, որ ճիշտ որոշումը Իրանին դրդելն է գնալ մեզ անհրաժեշտ դիվանագիտական ճանապարհով և փորձել հասնել ավելի լավ համաձայնության», – ասել է հետախուզության ղեկավարը: