Պաշտոնը ստանձնելուց գրեթե 9 ամիս անց ամերիկացիները բողոքում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից:
Անցյալ շաբաթ անցկացված մի շարք համազգային հարցումների ընթացքում ընտրողների միջինը 49,2 տոկոսը հայտարարել է, որ դժգոհ է Ջո Բայդենի նախագահի պաշտոնում կատարած աշխատանքից, մինչդեռ 44,5 տոկոսը գոհ է նրանից:
Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը, վերջին հինգ սոցհարցումներում, որոնց արդյունքները հրապարակված են RealClearPolitics կայքում, նախագահի աշխատանքից դժգոհ անձանց թիվը գերազանցել է վերջինիս աշխատանքից գոհ անձանց թվին:
Վերլուծաբանները նշում են, որ Բայդենի վարկանիշի անկումը հատկապես նկատելի է անկախ ընտրողների շրջանում, որոնք օգնել են նրան հաղթել նախագահ Դոնալդ Թրամփին անցյալ տարի Սպիտակ տան համար մղվող պայքարում:
Քաղաքագետները վարկանիշի անկումը բացատրում են մի քանի գործոններով, ինչպիսիք են Աֆղանստանից ամերիկյան զորքերի քաոսային դուրսբերումը, Վաշինգտոնում հանրապետականների և դեմոկրատների միջև քաղաքական տարաձայնությունները ազգային պարտքի վերին շեմի բարձրացման վերաբերյալ, կորոնավիրուսային նոր դեպքերի թվի ավելացումը երկրում և այլն:
FiveThirtyEight կայքը նշել է, որ 1945 թվականից ի վեր միայն երկու նախագահներ, այդ թվում՝ Թրամփը, իրենց նախագահության նույն տարիներին միաժամանակ Բայդենից ցածր վարկանիշներ են ունեցել: