«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է փետրվարի 2-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին հայտնում է tsn.ua-ն։
ԻՊ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ խմբավորման անդամն ահաբեկչական հարձակում է իրականացրել Լոնդոնում։
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Լոնդոնի հարավում անհայտ անձը հարձակվել էր անցորդների վրա և դանակահարել՝ վիրավորելով 3 հոգու: Ոստիկանները կրակ էին բացել ահաբեկչի վրա և սպանել նրան։ Նրա վրա հայտնաբերվել էր մահապարտի գոտի, ինչը ոստիկանությանը հիմք էր տվել կատարվածն ահաբեկչություն որակելու համար:
Արդեն փետրվարի 3-ին իրավապահները բացահայտել էին Լոնդոնում անցորդների վրա դանակով հարձակվողի ինքնությունը: Պարզվել է, որ նա 19-ամյա Սուդեշ Ամանն էր, որը հարձակումից անմիջապես առաջ էր վաղաժամ ազատվել բանտից: Ամանը 3 տարի 4 ամիս ժամանակով դատապարտվել էր «Իսլամական պետության» քարոզչական նյութերի տարածման 13 դրվագների մեղադրանքով, բայց պատժի կեսից էլ պակասն էր անցկացրել բանտում:
Երբ հայտնի դարձան ահաբեկչի ինքնության վերաբերյալ մանրամասները, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարեց, որ մտադիր է կոշտ միջոցներ ձեռնարկել հակաահաբեկչական պայքարի և ահաբեկչության համար պատժամիջոցները խստացնելու հարցերում: