Փետրվարի 3-ին Սիրիայի Քոբանի քաղաքի շրջանում Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ պարեկությունը չեղարկվել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքին։
Համատեղ պարեկության չեղարկման պատճառները չեն նշվում։
Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը զորամիավորումների հրամանատարների ուղեկցությամբ մեկնել է Սիրիայի հետ սահման։
Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկուշաբթի 4 թուրք զինվոր է զոհվել, ևս 9-ը զինվոր վիրավորվել է Իդլիբի Սարակիբ բնակավայրի շրջանում դիրքերի գնդակոծման հետևանքով: Անկարայի պնդմամբ ՝ գնդակոծությունն իրականացվել է սիրիական բանակի կողմից։