Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ Վաշինգտոնը դատապարտում է Ռուսաստանի կողմից Ղրիմի տարածքում մարդահամարի անցկացումը, և այդ գործողությունները գնահատում է որպես Ուկրաինայի անկախությունը խաթարելու փորձ:
«Միացյալ Նահանգները դատապարտում է Ռուսաստանի բնակչության մարդահամարը օկուպացված Ղրիմում՝ որպես Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խարխլելու հերթական փորձ», – ասված է դեսպանատան Facebook-ի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Եվրամիությունն իր հերթին դատապարտել է Ռուսաստանի կողմից Ղրիմում բնակչության մարդահամարը և ղրիմցիների՝ ռուսական բանակ զորակոչը:
«Այդ միջոցառումները կոչված են լեգիտիմացնելու թերակղզու անօրինական բռնակցումը»,– հոկտեմբերի 15-ին Բրյուսելում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչը։
Բրյուսելը Մոսկվային կոչ է անում դադարեցնել Ղրիմում միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար նորմերի խախտումը: Եվրոպան շարունակելու է հավատարիմ մնալ բռնակցումը չճանաչելուն և ջանքեր գործադրել դրա դադարեցման համար, ընդգծել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչը: