Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ՝ կորոնավիրուսի բռկման պատճառով, հայտնում է «Ինտերֆաքսը»։
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ բարձր է գնահատում Չինաստանի կողմից հիվանդության տարածումը զսպելու համար ձեռնարկվող միջոցառումները։
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրայեսուսի խոսքով՝ Չինաստանի իշխանություններն ամեն ինչ ունեն նոր կորոնավիրուսի բռնկումը հաղթահարելու համար, սակայն առողջապահության առումով պակաս զարգացած համակարգով երկրներում վիրուսի հայտնվելու հետևանքները կանխատեսել չի կարող:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ վարակվածների թիվը հասել է 9390-ի, իսկ զոհերինը՝ 213-ի։
Թարմացված տվյալների համաձայն ՝ հայտնաբերված հիվանդների թվով առաջին տեղը շարունակում են զբաղեցնել Հուբեյը (վարակման ավելի քան 5,8 հազար դեպք, 204 զոհ) և այդ նահանգի վարչական կենտրոնը ՝ Ուհան քաղաքը:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ Իտալիայում կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքն է գրանցվել։
«Մենք կորոնավիրուսի վարակման կասկածով երկու դեպք ունեինք։ Այժմ տեղեկություն է ստացվել, որ երկու դեպքն էլ հաստատվել է»,- հայտարարել է Ջուզեպպե Կոնտեն ասուլիսի ընթացքում։
Նրա խոսքերով՝ վարակվածները չինացի զբոսաշրջիկներ են, որ օրեր առաջ Իտալիա են ժամանել։
«Մենք միջոցառումներ ենք ձեռնարկել զբոսաշրջիկներին մեկուսացնելու ուղղությամբ»,- հայտարարել է վարչապետը։