Ուղղաթիռը, որի աղետը Կալիֆորնիա նահանգի հարավում խլել է 9 մարդու, այդ թվում՝ 41-ամյա բասկետբոլիստ Կոբի Բրայանթի և նրա 13-ամյա դստեր կյանքը, հագեցած չի եղել ցամաքային խոչընդոտների (TAWS) հետ բախման կանխարգելման համակարգով՝ հակառակ 15 տարվա վաղեմության առաջարկությունների: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել Է ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային վարչության ներկայացուցիչ Ջենիֆեր Հոումենդին՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
2004 թվականի մարտին համանման մոդելի՝ Sikorsky ընկերության S-76A ուղղաթիռը աղետի Էր ենթարկվել Մեքսիկական ծոցում, որից հետո դաշնային ավիացիոն վարչությանը խորհուրդ էր տրվել պարտադիր կարգով պահանջել TAWS-ի տեղադրումը ԱՄՆ-ում գրանցված գազատուրբինային շարժիչով բոլոր ուղղաթիռներում, որոնք նախատեսված են վեց և ավելի ուղևորների համար
«Մենք չենք հետևել հանձնարարականներին», – ասել է վարչության ներկայացուցիչը և պարզաբանել, որ նման համակարգով սկսել են սարքավորել միայն շտապ բժշկական օգնության ուղղաթիռները:
«TAWS-ը, իհարկե, կարող էր օգնել», – նշել է Հոումենդին։ Նա խոստովանել է, սակայն, որ չի կարելի վստահաբար պնդել, որ նման համակարգը հաստատ կարող էր կանխել Կալիֆորնիայում տեղի ունեցած աղետը։ Ողբերգության հանգամանքների և պատճառների մասին հաշվետվությունը կհրապարակվի մեկ-մեկուկես տարի հետո, խոստացել է վարչության ներկայացուցիչը:
Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական փորձաքննության բաժինը հաստատել է, որ աղետի բոլոր զոհերի մարմինները, ներառյալ Բրայանթի և նրա դստերը, ճանաչվել են:
Նշենք, որ Կոբի Բրայանթը ԱՄՆ-ի ամենատիտղոսակիր բասկետբոլիստներից մեկն է։ 20 մրցաշրջաններում հանդես է եկել Բասկետբոլի ազգային լիգայի «Լոս Անջելես Լեյքերս» թիմում: Նա դարձել է 30 հազար միավոր հավաքած ամենաերիտասարդ բասկետբոլիստը։
ԱՄՆ-ի հավաքականի կազմում երկու անգամ նվաճել Է Օլիմպիադայի ոսկե մեդալը՝ 2008-ին և 2012-ին։
Բրայանթը կարիերան ավարտել է 2016 թվականին։