Միացյալ Նահանգները ավելի քան 100 երկրների է փոխանցել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի 200 մլն չափաբաժին։ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերն ասել է, որ դա աշխարհում նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի գործում երկրի նշանակալի ձեռքբերումն է։ Նրա խոսքով՝ սա ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վկայություն է:
«ԱՄՆ նախագահը խոստացել է, որ ԱՄՆ-ը կդառնա պատվաստանյութերի համաշխարհային զինանոց։ USAID-ն շարունակում է գլխավոր դեր խաղալ ու հասնել հավակնոտ նպատակի․ այն է՝ հաջորդ տարի հասնել աշխարհի բնակչության 70 տոկոսի պատվաստմանը»,- հայտարարել է Սամանտա Փաուերը: ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավարը նաև հայտնել է եկող տարվա ընթացքում միջին ևցածր եկամուտ ունեցող պետություններին COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ավելի քան 1 մլրդ չափաբաժին տրամադրելու ԱՄՆ-ի պլանների մասին: