Մեծ Բրիտանիան պատրաստ է ԵՄ-ն լքել նախատեսված ժամկետում՝ հունվարի 31-ին, այն բանից հետո, երբ խորհրդարանի երկու պալատները հաստատեն Brexit-ի մասին օրինագիծը: Այս մասին նախօրեին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Խորհրդարանն ընդունել Է Եվրամիությունից դուրս գալու մասին օրինագիծը, և դա նշանակում է, որ Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից կհեռանա հունվարի 31-ին և առաջ կընթանա որպես մեկ ամբողջություն։ Ժամանակ առ ժամանակ թվում էր, թե մենք երբեք չենք հատի Brexit-ի եզրագիծը, բայց վերջապես մեզ մոտ դա ստացվեց», – հայտարարել Է Ջոնսոնը։ Վարչապետը Brexit-ի կողմնակիցներին և հակառակորդներին կոչ է արել վերջ դնել վեճերին և կենտրոնանալ Թագավորության կենսական խնդիրների լուծման վրա, ինչպիսիք են հանցավորության դեմ պայքարը, հիվանդանոցների աշխատանքի բարելավումը և այլն:
Չորեքշաբթի երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը համայնքների պալատից հետո հաստատել է Brexi-ի մասին օրինագիծը, այժմ այն պետք է ստորագրի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Սպասվում է, որ դա տեղի կունենա հունվարի 23-ին կամ 24-ին։ Դրանից հետո օրինագիծը կստանա օրենքի ուժ, և առաջիկա օրերին Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը կվավերացնեն Brexit-ի պայմանների մասին համաձայնագիրը: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հունվարի 24-ին անհրաժեշտ փաստաթղթերը կստորագրեն Բրյուսելում, իսկ հունվարի 29-ին համաձայնագիրը պետք է վերջնականապես հաստատի Եվրախորհրդարանը: