Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին երկրի իշխանություններին կոչ է արել շտապ կատարել Թեհրանի մերձակայքում Ուկրաինական ինքնաթիռի աղետի զոհերի ընտանիքներին փոխհատուցելու պարտավորությունները: Այս մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Էբրահիմ Ռաիսին նշել է, որ Իրանի դատական իշխանությունների ներկայացուցիչները հեռախոսազրույց են ունեցել ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված բոլոր իրանցիների ընտանիքների հետ։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Ուկրաինայի «Միջազգային ավիաուղիներ» Boeing 737 ինքնաթիռը Թեհրանի օդանավակայանից դուրս գալուց մի քանի րոպե անց կործանվել էր։ Ավիավթարի հետևանքով մահացել է 176 մարդ: