Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թյուրքական խորհրդի հոկտեմբերի 22-ի մեդիաֆորումին բողոքել է միջազգային լրատվամիջոցներից՝ նշելով, թե իբր նրանք Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում աչք են փակել հայկական կողմի գործողությունների վրա: Այս մասին փոխանցում է Anadolu գործակալությունը:
Էրդողանի խոսքերով՝ տեղեկատվական ոլորտում իբր արձանագրված երկակի ստանդարտներն ապացուցել են ապատեղեկատվության և ստի դեմ պայքարի անհրաժեշտությունը:
Նա կոչ է արել թյուրքալեզու երկրներին՝ ինքնուրույն և համախմբված ջանքերով պայքարել ապատեղեկատվության և ստի դեմ:
Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում մի շարք միջազգային լրատվամիջոցներ արձանագրել են վարձկան ահաբեկիչների ներգրավումը ռազմական գործողություններում, ինչպես նաև արգելված զինատեսակների (ֆոսֆորային ռումբեր) գործածումը Ադրբեջանի կողմից, խաղաղ բնակչության ռմբակոծումը, հայ զինվորների գլխատումը և այլ ռազմական հանցագործություններ: Նույնն արձանագրել են նաև Մինսի խմբի համանախագահ երկրների առաջնորդները, որոնք հանդես են եկել դատապարտող հայտարարություններով:
Հիշեցնենք, որ Armenia.today-ը 2021թ. փետրվարին հրապարակել էր Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի (ISHR, Նյու Յորք, ԱՄՆ) հետազոտության արդյունքները, որոնցում նշված էին պատերազմական գործողություններում ներգրավված վարձկան ահաբեկիչների առաջնորդների անունները: