Ռուսաստանը չպետք է մտավախություն ունենա ՆԱՏՕ-ի կազմի մեջ Ուկրաինայի մտնելու առնչությամբ, քանի որ դա պաշտպանական այլանս է: Այս մասին հոկտեմբերի 22-ին Բրյուսելում կայացած ալյանսի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցությունից հետո մամուլի ասուլիսին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Ստոլտենբերգի խոսքերով՝ այդ մասին որոշումը պետք է ընդունեն Ուկրաինան և ՆԱՏՕ-ի 30 անդամները: Ընդ որում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բացառել է, որ Ռուսաստանը կարող է վետո դնել ալյանսի կազմ մտնելու ինքնիշխան ՈՒկրաինայի որոշման վրա:
Ըստ Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը մշտապես նպաստել է Եվրոպայում և աշխարհում խաղաղության ամրապնդմանը:
Անդրադառնալով Եվրամիություն-ՆԱՏՕ կապերին՝ Ստոլտենբերգը հայտարարել է, որ ինքը ողջունում է ԵՄ ջանքերը պաշտպանության ոլորտում, բայց այդ ջանքերը չպետք է կրկնեն ՆԱՏՕ-ի գործունեությունը: Նա նաև շեշտել է, որ ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրները պետք է խորացնեն ռազմական գործակցությունը, ինչը արտացոլված կլինի դեկտեմբերին ստորագրվելիք համատեղ դեկլարացիայում: