Ալեք Բոլդուինի մասնակցությամբ ֆիլմի ռեժիսորի օգնականը մինչև օպերատորի սպանվելը վստահեցրել է դերասանին այն մասին, որ ատրճանակը լիցքավորված չէ մարտական փամփուշտներով: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Ռեժիսորի օգնականը, Բոլդուինին փոխանցելով ատրճանակը, ասել է, որ այն լիցքավորված է դատարկ փամփուշտներով, այդ մասին նշված է դատական փաստաթղթերում:
Ո՛չ ռեժիսորի օգնականը, ո՛չ ինքը՝ Բոլդուինը, չգիտեին այն մասին, որ պարկուճի մեջ մարտական փամփուշտներ են՝ նշում են քննիչները: Հայտնի է, որ ատրճանակը նկարահանման համար պատրաստել է զենքի մասնագետը, որին լրագրողները չեն կարողացել գտնել: Ուրբաթ օրը Սանտա Ֆեի շրջանի շերիֆի գրասենյակի աշխատակիցները (ԱՄՆ, Նյու-Մեքսիկո նահանգ) ստացել են դատարանի թույլտվությունը՝ խուզարկություն անցկացնել նկարահանման հրապարակում:
Իրավապահները հույս ունեն ստանալ ռեկվիզիտներ, որոնք գործածվել են ֆիլմի նկարահանումներին, մասնավորապես կոստյումը, որը եղել է Բոլդուինի հագին դեպքի ժամանակ, ատրճանակը, որից արձակվել է կրակոցը, այլ զենքեր, զինամթերք, ինչպես նաև նկարահանված նյութը, որտեղ կարող է ֆիքսված լինել կրակոցի պահը:
Դեպքը տեղի է ունեցել Նյու-Մեքսիկո նահանգում, հինգշաբթի, «Ժանգը» (Rust) ֆիլմի նկարահանման ժամանակ, որում նկարահանվում էր Ալեք Բոլդուինը և որի պրոդյուսերներից մեկն էր հանդիսանում: Փորձի ժամանակ դերասանը կրակել էր զենքից, որը պետք է լիցքավորված լիներ դատարկ փամփուշտներով: Վիրավորում են ստացել երկու հոգի՝ 42-ամյա օպերատոր Գալինա Հաթչինսը և 48-ամյա ռեժիսոր Ջուել Սոուզը: Սանիտարական ավիացիան Հաթչինսին տեղափոխել է հիվանդանոց, սակայն նրան բժիշկները չեն կարողացել նրան փրկել:
Սոուզին մի քանի ժամից դուրս են գրել հիվանդանոցից: Ֆիլմի նկարահանումը դադարեցվել է: Բոլդուինը հայտարարել է, որ համագործակցում է ոստիկանների հետ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու հարցում: Հետաքննությամբ զբաղվում է Սանտա Ֆեի շրջանի շերիֆի գրասենյակը և տեղական դատախազությունը: Մեղադրանք դեռևս աառաջադրված չէ: