Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում շաբաթ օրը ոստիկանների և բողոքի շարժման ակտիվիստների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 220-ի, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով An-Nashra լրատվական պորտալին լիբանանյան Կարմիր խաչի ընկերության ներկայացուցչի տրամադրած տեղեկատվությանը: Կարմիր խաչի ընկերության ներկայացուցչի տվյալներով՝ 80-ից ավելի ցուցարարներ տեղափոխվել են հիվանդանոցներ, մնացած 140-ին տեղում օգնություն է ցուցաբերվել:
Հաղորդվում է, որ ավելի վաղ ուժայիններն արցունքաբեր գազ և նռնակներ էին կիրառել ցուցարարների դեմ Էթուալ պլաս շրջանում, որտեղ գտնվում է խորհրդարանական պալատը: Ցուցարարները փորձել են ներխուժել հրապարակ, որպեսզի պահանջեն իշխանության օրենսդիր մարմնի լուծարումը, բայց հակահարված են ստացել։
Հաղորդվում է, որ ցուցարարները սկսել են ծեծել գրասենյակների և խանութների ցուցափեղկերը, տապալել գովազդային վահանակները և հրկիզումներ կազմակերպել: Արդյունքում ուժեղ հրդեհ է բռնկվել Սուրբ Գեորգիի կաթոլիկ տաճարի մոտ, որը մարել են հրշեջ թիմերը։
Բեյրութի կենտրոն են ուղարկվել նաև լիբանանյան բանակի զինծառայողներ, որոնք քաղաքի իրադրությունը վերահսկողության տակ են վերցրել Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ զինված ուժերին դիմելուց հետո:
Գործակալությունը հիշեցնում է, որ Լիբանանում շարունակվող բողոքի երրորդ ամիսը հանգեցրել է անցյալ տարվա հոկտեմբերի 29-ին կոալիցիոն կառավարության ղեկավար Սաադ Հարիրիի հրաժարականին: