Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարրաջը և Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հաստատել են իրենց մասնակցությունը երկրում իրավիճակի կարգավորման վեհաժողովին, որը տեղի կունենա հունվարի 19-ին Բեռլինում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով տրիպոլյան նախարարական կաբինետի ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությանը, որում Վարչապետն անձամբ է հայտարարում այդ մասին հունվարի 15-ին իրենց աջակցող քաղաքական և ռազմական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք Մոսկվայում միակողմանիորեն ստորագրել ենք ռուսական և թուրքական կողմի առաջարկած կոմյունիկեն հրադադարի վերաբերյալ` այդ նախաձեռնության մեջ տեսնելով ճգնաժամի կարգավորմանն ու անվտանգությանն ու կայունությանը հասնելուն ուղղված առաջին քայլը»,-ընդգծել է Սարաջը` նշելով, որ ագրեսոր կողմը (նկատի ունի Հաֆթարին) ժամանակ է ձգում:
«Մենք կգնանք Բեռլին և կհղենք մեր ուղերձը»,-ասել է նա` ընդգծելով վեհաժողովի երեք հիմնական ուղղությունները` քաղաքական, տնտեսական եւ ռազմական:
Բացի այդ, Սարաջը կարծում է, որ «Ռուսաստանի և Թուրքիայի դրական դերն անհանգստացնում է եվրոպացիներին»:
Ինչ վերաբերում է Լիբիական ազգային բանակի հրամանատարին, ապա ինչպես փոխանցում է Al Hadath հեռուստաալիքը, վեհաժողովին մասնակցելու վերաբերյալ իր համաձայնության մասին Հաֆթարը հայտարարել է հունվարի 15-ին Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի հետ հանդիպման ժամանակ:
Հունվարի 12-ին Լիբիայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առաջարկությամբ ուժի մեջ է մտել կրակի դադարեցման ռեժիմը, իսկ հունվարի 13-ին կողմերը հանդիպել են Մոսկվայում բանակցությունների համար: Արդյունքում Սարաջը ստորագրել է հաշտեցման վերաբերյալ համաձայնագիր, իսկ Հաֆթարը ժամանակ խնդրել այն ուսումնասիրելու համար:
Գերմանիան պլանավորում է հունվարի 19-ին Բեռլինում անցկացնել Լիբիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ միջազգային վեհաժողով, և արդեն իսկ պաշտոնական հրավերք է ուղարկել Հաֆթարին և Սարաջին: Ակնկալվում է, որ վեհաժողովին կմասնակցեն նաև
Ռուսաստանի, Ալժիրի, Մեծ Բրիտանիայի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Չինաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: