ՌԴ Քննչական կոմիտեն լրացուցիչ միջոցներ կձեռնարկի Չեռնոգորիայում քաղաքական ապաստան ստացած ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովին ռուսական կողմին հանձնելու համար: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ քրեական գործերով անցնող ու մի շարք հանցագործությունների մեջ մեղադրվող Իսմաիլովին քաղաքական ապաստան տալու մասին ԶԼՄ-ներում հնչեցված ձևակերպումները տարակուսանք են առաջացնում:
ՔԿ-ն նշում է, որ Չեռնոգորիայից դեռ չի ստացել փաստաթղթերը, որոնց դրանց ուսումնասիրությունը լրացուցիչ ժամանակ է պահանջելու: Հոկտեմբերի 22-ին հայտնի է դարձել, որ Թելման Իսմայիլովը ապաստան է ստացել Չեռնոգորիայում: Ավելի վաղ Չերկիզովյան շուկայի նախկին սեփականատիրոջը ձերբակալել էին Պոդգորիցայում՝ Ռուսաստանի կողմից հայտարարված հետախուզման վրա:
Իսմայիլովն ու նրա եղբայրը՝ Վագիֆը, միջազգային հետախուզման մեջ են: Դատարանը նրանց կալանավորելու վճիռ է կայացրել: Հետաքննությամբ գործարարը երկու գործարարների սպանությունների կազմակերպիչ է ճանաչվել: Եղբայրներին մեղադրանք է ներկայացվել նաև զենքի ապօրինի շրջանառության մեջ։