Թուրքիայի ԱԳՆ դիվանագետները փորձել են երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին համոզելու միջոց գտնել, որը գերատեսչությանը հրահանգ էր տվել «պերսոնա նոն գրատա» հայտարարել 10 երկրների դեսպաններին:
Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական ANKA գործակալությունը, հոկտեմբերի 24-ին հայտնել են վերջինիս դիվանագիտական աղբյուրները։
Գործակալության տվյալներով՝ Էրդողանը համապատասխան հրաման է տվել ԱԳՆ-ին դեռևս հոկտեմբերի 21-ին։ Թուրքիայի առաջնորդին համոզելու և իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու դիվանագետների փորձերը հաջողությամբ չեն պսակվել։
Միևնույն ժամանակ գործակալությունը պնդում է, որ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպաններն դեռևս Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից համապատասխան ծանուցում չեն ստացել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի ԱԳՆ-ին հրահանգել է 10 երկրների դեսպաններին «պերսոնա նոն գրատա» հայտարարել ՝ իրավապաշտպան Օսման Քավալային բանտից ազատ արձակելու Անկարայի կոչի պատճառով:
Օսման Քավալան թուրք իրավապաշտպան Է, Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը։ Նա, մասնավորապես, աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նախագծերին, որոնք հաճախ միջազգային ուղղվածության են, ներառյալ թուրք և հայ բնակչության հաշտեցումը և քրդական հարցի խաղաղ լուծում։
2020-ի փետրվարին թուրքական դատարանն արդարացրել էր Քավալային 2013-ին Ստամբուլի Գեզի զբոսայգում բողոքի ակցիաների գործով, սակայն նույն օրը Ստամբուլի դատախազությունը նրան կալանավորելու նոր միջնորդություն էր տվել։