Լիբիայի ազգային բանակի ղեկավար Մարշալ Խալիֆա Հաֆթարը լքել է Մոսկվան ՝ չստորագրելով Տրիպոլիի կառավարության հետ զինադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է«Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով լիբիական իրազեկ աղբյուրին:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվայի բանակցություններում ամփոփիչ փաստաթուղթը ստորագրել են Լիբիայի հակամարտության մի քանի կողմերը, սակայն Հաֆթարը լրացուցիչ ժամանակ է խնդրել: Հունվարի 13-ին Մոսկվայում ընթացող բանակցությունների հիմնական հարցերն են եղել Սարաջի և Հաֆթարի կառավարության միջև զինադադարի մասին համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:
Մինչ այդ փաստաթուղթը ստորագրել են Սարաջը և բարձրագույն պետական խորհրդի ղեկավար Խալեդ Միշրին։ Համաձայնագրի նախագծում ասվում է, որ հակամարտության կողմերը պայմանավորվել են սահմանել շփման գիծը՝ կայուն հրադադարի համար, ինչպես նաև աշխատել երկրում իրավիճակի կայունացման ուղղությամբ:
Ավելի վաղ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հստակեցրել էին Լիբիայի վերաբերյալ միասնական դիրքորոշումը և բոլոր կողմերին կոչ էին արել հունվարի 12-ի կեսգիշերից դադարեցնել կրակը և անմիջապես նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Հաֆթարը նշել էր, որ ողջունում է այդ նախաձեռնությունը, սակայն շարունակելու է հարձակումը Տրիպոլիի վրա, որը սկսել է անցյալ տարվա ապրիլից:
Հիշեցնենք, որ 2011 թ. Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան փաստորեն մասնատվեց և գոյություն չունի որպես միասնական պետություն։ Հիմա երկրում երկիշխանություն է։ Արևելքում կառավարում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությամբ ձևավորված ազգային համաձայնության կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը։ Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Խալիֆ Հավթարի ազգային բանակի հետ։