Հայաստանի իշխանությունների մոտ պարբերաբար առաջանում էր Ամանորյա տոներին հատկացվող արձակուրդի կրճատման գաղափարը: Ըստ նրանց՝ այդ տոները չափազանց երկար էին, նախկինից մնացած ավանդույթների շարունակություն էին, և դրանք վերացնելով՝ կարելի է հույս ունենալ, որ տնտեսության ցուցանիշները կփոխվեն դեպի լավը: Այսպիսի դատողությամբ է հանդես գալիս Кавказский Узел պարբերականը՝ նշելով, որ այս տարվա ապրիլին նախագիծը քննարկվել է, սակայն Հայաստանում նշված տոնական հանգստյան օրերը կրճատելու մասին որոշումը վերջնականապես ընդունվել է վերջերս:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքերով՝ նախկինում Ամանորը 10 օր խլում էր երկրի տնտեսական կյանքից, միչդեռ ներկայիս Հայաստանը, նրա ապագայով մտահոգ մարդիկ, ձեռնարկատերերը, բիզնեսը, ողջ տնտեսությունը չեն կարող իրենց թույլ տալ այդպիսի ճոխություն:
Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ դա նաև ուղղված է աշխատավորների իրավունքների պաշտպանությանը, որպեսզի նրանք կարողանան աշխատել արդյունավետ և հանգստանալ այնքան, որքան նախատեսում է օրենքը, և վճարվել դրա դիմաց: Տարածաշրջանում միայն Հայաստանում և Ռուսաստանում կա երկարատև ամանորյա արձակուրդ, իսկ մյուս երկրներում՝ Ուկրաինայում, Վրաստանում, Բելառուսում, հանգստանում են ընդամենը մի քանի օր:
Ըստ Հայաստանի վարչապետի՝ Նոր տարվա տոնական օրերին մարդիկ ավելի շատ խնդիրներ են ձեռք բերում առողջության հետ կապված, քան հանգստանում են: Օրենքի ընդունման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը առարկեց՝ ասելով, որ 5 հանգստյան օրերի կրճատումը էապես նվազեցնում է հանգիստը: Շատ երկրներում, եթե տոնական հանգստյան օրը համընկնում է շաբաթ-կիրակի օրերի հետ, ապա այն տեղափոխվում է մեկ այլ՝ աշխատանքային օր: Իսկ Հայաստանում նման բան, ըստ նախարարի, չկա, այնպես որ, ամենաքիչը 3-4 հանգստյան տոնական օր կորսվում է: Որոշ չափով առարկել էր նաև ֆինանսների նախարարը՝ կասկած հայտնելով, որ նման որոշումը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Ինչպե՞ս հասկանալ՝ որ տեսակետն է ճիշտ: Իրավիճակը օբյեկտիվ քննելու համար պետք է հիշել մի քանի հանգամանք: Առաջինը՝ այն, որ 120 տարի առաջ շատ երկրներում աշխատում էին օրական 12-15 ժամ և շաբաթական 6 օր, բայց հետագայում 8-ժամյա և 5-օրյա ռեժիմի անցնելուց հետո տնտեսական անկում չգրանցվեց, արդեն խոսում է այն մասին, որ աշխատանքային օրերի թիվն ուղիղ կապ չունի արդյունավետության հետ: Երկրորդ՝ այսօր պարբերաբար խոսակցություն է ծագում աշխատանքային օրը 6-ժամյա, իսկ շաբաթը՝ 4-օրյա դարձնելու մասին: Բայց այդ խոսակցությունները հավանության չեն արժանանում: Մենեջմենտում կարևորը օպտիմալ լուծում գտնելն է:
Թե ինչպիսի արդյունք կտա Նոր տարվա ոչ աշխատանքային օրերի կրճատումը, ցույց կտա ժամանակը: Սակայն պատմությունն արդեն ցույց է տվել, որ, օրինակ, հետհեղափոխական Վրաստանում այդպիսի լուծումը որևէ օգուտ չի տվել: