ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Ջեֆ Ֆլեյքին Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Ըստ Սենատի մամուլի ծառայության՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջադրած թեկնածությունը միաձայն պաշտպանվել է:
Ջեֆ Ֆլեյքը նախկին սենատոր էր, որը ներկայացնում էր Արիզոնան Սենատում 2013-2019 թվականներին:
Հոկտեմբերի 23-ին Էրդողանը սպառնացել է պերսոնա նոն գրատա հայտարարել Գերմանիայի, Ֆրանսիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի, ԱՄՆ-ի, Կանադայի և Նոր Զելանդիայի դեսպաններին, որոնք կոչ էին արել Թուրքիային ազատ արձակել բանտարկված թուրք իրավապաշտպան Օսման Քավալային։ Թուրքիայի նախագահն ասել է, որ հանձնարարել է իր երկրի արտաքին գործերի նախարարությանը դա անել «որքան հնարավոր է շուտ»:
2 օր անց Էրդողանը հրաժարվեց արևմտյան երկրների դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարելու մտադրությունից։ «Դիվանագիտական առաքելությունների ղեկավարները նահանջել են և ավելի զգույշ կլինեն իրենց հայտարարություններում»,- ասել է Էրդողանը հոկտեմբերի 25-ին Անկարայում կայացած մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ նույն օրը արևմտյան տասը երկրների դեսպանատները Twitter-ում տարածեցին հայտարարություն, որում նշում էին, որ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ իրենք մտադիր չեն միջամտել Թուրքիայի ներքին գործերին: