Իրանը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և այլ երկրների մեղադրանքներն այն մասին, որ իրանական ՀՕՊ հրթիռները ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման պատճառ են դարձել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիի համապատասխան հայտարարությունը ներկայացնում է Press TV հեռուստաալիքը:
«Ցավալի է, բայց հոգեբանական մանիպուլյացիան ԱՄՆ կառավարության և նրանց կողմից, ովքեր գիտակցաբար կամ անգիտակցաբար պաշտպանում նրան, միայն ավելացնում է հարազատներ կորցրածների վիշտը», – հայտարարել է Ռաբին։ Նա ընդգծել է, որ զարգացնելով կատարվածի իր վարկածը՝ ԱՄՆ-ն սեփական նպատակներն է հետապնդում։
Հինգշաբթի Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեձադեն նույնպես հերքել է կործանված ինքնաթիռին հրթիռային հարված հասցնելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որը պետք է իրականացներ Թեհրան -Կիև չվերթը, չորեքշաբթի օրը կործանվել է Թեհրանի օդանավակայանից մեկնելուց հետո: Օդանավում եղել է 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ, բոլորը զոհվել են։
Հինգշաբթի Newsweek ամսագիրը հաղորդել էր, որ ուկրաինական օդանավը կարող էր սխալմամբ հայտնվել իրանական զենիթահրթիռային համակարգերի կրակի տակ։ Հրապարակումներում շարադրվել են Պենտագոնի և ամերիկյան հետախուզության նախնական տեղեկությունները։