«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը կարող էր ոչ դիտավորյալ խոցվել իրանական հրթիռով, բայց դրա մասին վստահորեն խոսելու համար ավելի շատ տեղեկատվություն է հարկավոր: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունն արել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ Օտտավայում լրագրողների հետ զրույցում:
«Մենք ցանկանում ենք ավելին իմանալ, մենք մտադիր ենք աշխատել միջազգային պաշտոնյաների, հետաքննության և Իրանի հետ, որպեսզի ստանանք այն հարցի պատասխանները, թե ինչ է տեղի ունեցել։ Մենք գիտակցում ենք, որ դա կարող էր ոչ դիտավորյալ լինել, բայց ավելի շատ տեղեկատվություն է պետք», – ասել է նա։
«Նման գործողությունների կանխամտածված լինելու մասին վերջնական եզրակացություններ անելու համար մենք պետք է լիարժեք և թափանցիկ հետաքննություն անցկացնենք», – ընդգծել է Թրյուդոն:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Օտտավան տեղեկություններ ունի տարբեր աղբյուրներից, այդ թվում ՝ Կանադական հետախուզական ծառայություններից, որի համաձայն՝ օդանավը թռիչքից կարճ ժամանակ անց խփվել է իրանական «երկիր – օդ» դասի հրթիռով:
Հիշեցնենք նաև, որ հունվարի 8-ին Ուկրաինայի միջազգային ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Իրանի մայրաքաղաքում, որի ընթացքում զոհվել էին 176 հոգի: Մեծ մասը՝ 63 ուղևոր, Կանադայի քաղաքացի էին: