Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով սխալ կլիներ անպատասխան թողնել Միացյալ Նահանգների կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ Էրդողանն այս մասին ասել է CNN Turk հեռուստաալիքի եթերում։
«Կարծում եմ, որ չի կարելի առանց որևէ պատասխանի թողնել որևէ հրամանատարի սպանությունը, որը մտնում էր որևէ երկրի իշխանության վերին էշելոնների մեջ»,- նշել է Էրդողանը։
Էրդողանը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերջին հեռախոսազրույցում վերջինիս կոչ է արել իրեն ձեռնպահ մնալ Իրանի հետ հարաբերություններում լարվածության աճից։
«Այժմ անհրաժեշտ է հսկողության տակ վերցնել այս լարված իրավիճակը, որը կարող է վնաս հասցնել բոլոր ներգրավված կողմերին», – հավելել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տրված անմիջական հրամանի համաձայն, սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։ Ամերիկյան վարչակազմի տարածած տեղեկատվության համաձայն՝ գործողությունը պաշտպանական բնույթ էր կրում, քանի որ նպատակ էր հետապնդում պաշտպանել Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինծառայողներին:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը արտակարգ նիստի արդյունքում խոստացել է վրեժխնդիր լինել Սուլեյմանիից։ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույցում հարձակումն անվանել է ԱՄՆ-ի կողմից ահաբեկչության դրսևորում: