ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը շաբաթ օրը հեռախոսազրույցում ընդգծել են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը կոպտորեն հակասում է միջազգային իրավունքին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Լավրովը ցավակցություն է հայտնել Բաղդադում ամերիկացի զինվորականների կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Սոլեյմանիի սպանության կապակցությամբ»,-ընդգծել են նախարարությունում:
Նախարարները ընդգծել են, որ ԱՄՆ գործողությունները միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ խախտում են և չեն նպաստում Մերձավոր Արևելքում կուտակված բարդ խնդիրների հանգուցալուծմանը, այլ հանգեցնում են տարածաշրջանում լարվածության նոր փուլի:
Հիշեցնենք, որ հունվարի լույս 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի շրջանում հրթիռային հարվածի հետևանքով սպանվել են գեներալ Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի շիա աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսը, որոնց Վաշինգտոնում մասնակից են համարում դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպմանը։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն իր հայտարարության մեջ տեղեկացրել է, որ Սոլեյմանիի մահվան պատճառ դարձած հրթիռային հարվածը հասցվել է նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ, ինչի մասին նախապես չի տեղեկացվել ԱՄՆ Կոնգրեսին: Պենտագոնի վարկածով՝ հարվածը պաշտպանական բնույթ է կրել, քանի որ նպատակ է հետապնդվել պաշտպանել Իրաքում և այլ երկրներում տեղակայված ամերիկացի զինծառայողներին:
Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ հեռախոսազրույցում հարձակումն անվանել է ԱՄՆ-ի կողմից ահաբեկչության դրսևորում: